Չորս տարի առաջ հրազենային վնասվածքից մահացած՝ Մոնակոյի ամենահարուստ կնոջ՝ Էլեն Պաստորի փեսան խոստովանել է, որ պատվիրել է նրա սպանությունը, հայտնում է BBC-ն։

Լեհաստանի քաղաքացի Վոյցեխ Յանովսկին մի քանի տարի շարունակ հերքում էր 77 ամյա զոքանչի սպանությանը իր ներգրավվածությունը։ Գործը քննվում է ֆրանսիական դատարանի կողմից, և Յանովսկին գործով անցնող ինը մեղադրյալներից մեկն է։

Սենսացիոն հայտարարությունը մեղադրյալն արել է դատավճռի կայացումից մեկ օր առաջ։

2014-ին օրը ցերեկով միլիարդատիրուհու և նրա վարորդի հանդուգն սպանությունը ցնցեց Մոնակոյի թագավորությունը, որտեղ նա հասարակության բարձր խավի ներկայացուցիչ էր և շփվում էր թագավորական ընտանիքի անդամների հետ։

Սկզբում Յանովսկին ընդունել է սպանության գործում իր ներգրավվածությունը, սակայն հետո հերքել է իր ցուցմունքը։

Սպանության պահին Վոյցեխ Յանովսկին Մոնակոյի պատվավոր դեսպանն էր Լեհաստանում։ Նրա դատապաշտպանի խոսքով՝ սպանության նպատակը իր կնոջը՝ Էլենի դուստր Պաստոր Սիլվիային պաշտպանելն էր։ Դուստրը բավականին վատ փոխհարաբերություններ է ունեցել մոր հետ։

Քննչական մարմինները հաստատում են, որ Վոյցեխ Յանովսկին կանգնած է եղել սնանկացման եզրին, իսկ երբ նրա քաղաքացիական կինը՝ Սիլվիա Պաստորը 2012-ին հիվանդացել է քաղցկեղով, նա հասկացել է, որ իրեն սպառնում է ֆինանսական ճգնաժամ։

Էլեն Պաստորը որդուն և դստերը նշանակել էր ամսական թոշակ՝ 500 հազար եվրոյի չափով, սակայն վերջինի մահվան դեպքում դստերը թոշակի տրամադրումը դադարեցվելու էր։