ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 18-ի նիստում որոշում կայացվեց 2018 թվականի պահուստային ֆոնդից 11 մլն դրամ հատկացնել Վարչապետի աշխատա-կազմին՝ ՀՀ 2017 թվականի «Լավագույն դաստիարակ»,  «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգեւատրելու նպատակով:

Ըստ այդմ, «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներից յուրաքանչյուրին կտրամադրվի 5,2 մլն դրամ, իսկ 600 հազար դրամ կհատկացվի համակարգիչ ձեռք բերելու եւ «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու նպատակով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ արդեն 15-րդ տարին է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պարգեւատրվում են ավտոմեքենայով:

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմին հատկացնել 11 մլն դրամ, որից՝ 10,4 մլն դրամը՝ «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ»  մրցույթների հաղթողներին տրամադրելու նպատակով եւ 600 հազար դրամ` համակարգչի ձեռքբերման նպատակով՝ «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու համար: