ԵԽԽՎ 25 անդամներ՝ Ռասմուս Վեսթերգաարդ Մաձենի գլխավորությամբ բանաձեւ են ներկայացրել, որում քննադատել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները եւ կոռուպցիան: Այս մասին հայտնում է «Թուրան»-ը:

«Ադրբեջանում իրավիճակը չի փոխվել Laundromat-ի քննությունից մեկ տարի անց, որը բացահայտել էր կաշառելու բազմամիլիարդանոց սխեման, որն Ադրբեջանի իշխանություններն օգտագործել էին լոբբիստներին վճարելու եւ փողեր լվանալու համար: Չի սկսվել ոչ մի քրեական քննություն, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Եվրոպային ցնցած պատմությունը Ադրբեջանում հանրային նշանակալի բանավեճեր չի առաջացրել, որտեղ ուժեղացող ավտորիտար ռեժիմի շնորհիվ քաղաքացիական հասարակության եւ անկախ լրագրության գործունեությունը գործնականում վերացել է:

Ադրբեջանում կոռուպցիան բացահայտող լրագրողներից մեկն է հայտնի բլոգեր եւ իրավապաշտպան Մեհման Հուսեյնովը: Այսօր նա ադրբեջանական բանտում երկու տարվա պատիժ է կրում անվանարկման մեղադրանքով: Նրա ընտանիքը ենթարկվել է ճնշումների, որը հանգեցրել է 2018 թվականի օգոստոսի 6-ին նրա մոր մահվանը:

Հուսեյնովը ռեժիմի բազմաթիվ զոհերից մեկն է, որ բանտարկվել է քաղաքական դրդապատճառներով: Համանման փաստեր են տեղ գտել նաեւ լրագրողներ Ավղան Մուխթարլիի, Հադիջա Իսմայիլովայի, ինչպես նաեւ հասարակական ակտիվիստ Ինթիգամ Ալիեւի եւ Իլգար Մամեդովի հետ: Չնայած ՄԻԵԴ եւ Եվրոպայի խորհրդի այլ մարմինների պահանջով նրանք ազատվել են, նրանց արգելված է երկրից հեռանալ: Խորհրդարանական վեհաժողովը պետք է Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվության ենթարկի իրենց կոռուպցիոն պրակտիկայի, Եվրոպայի խորհրդում ազդեցություն գնելու եւ մարդու իրավունքների լայնորեն տարածված խախտումները թաքցնելու փորձերի համար:

Դրանից բացի, Վեհաժողովը պետք է հրահանգի, որ Laundromat-ից ստացած Danske Bank-ի շահույթն ուղղվի Ադրբեջանում քաղաքացիական հասարակության աջակցությանը կոռուպցիայի դեմ պայքարում, Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խրախուսմանը»,- նշված է բանաձեւում: