Չորեքշաբթի Չիլիի Մագալյանես շրջանում մոտ 720 հազար լիտր նավթ է հոսել շրջակա միջավայր՝ արգենտինական նավթագազային YPF ընկերությունում արտահոսքի պատճառով, հայտնում է BioBio-ն:

Ըստ տեղեկությունների՝ նավթի արտահոսքն ընդգրկել է մոտ 6 հազար քառ.մ մակերեսով տարածք: Ընկերությունն արդեն միջոցառումներ է ձեռնարկել հետեւանքները վերացնելու համար:

Նավթի արտահոսքի վայր են մեկնել նաեւ շրջանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի մասնագետները: Նրանք կգնահատեն աղտոտվածության աստիճանը եւ կորոշեն, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկեն: Իշխանությունների գնահատականներով՝ հետեւանքների վերացումը կտեւի մի քանի շաբաթ:

Այս պահին տեղեկություններ չկան, որ նավթի արտահոսքը վնաս է հասցրել բուսական կամ կենդանական աշխարհին: