Մենք նախապատրաստվում ենք արտահերթ ընտրությունների եւ քաղաքական իրավիճակը հասկանալիորեն աշխատանքի եւ տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն են ունենում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին,կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի. «Ըընդհակառակը, ավելի ինտենսիվ պետք է դառնան մեր աշխատանքները, որովհետեւ այո, նախընտրական փուլ ենք թեւակոխելու, մյուս կողմից նաեւ այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել նաեւ հետագա աշխատանքների կազմակերպման առավել արդյունավետ մակարդակի հասնելու համար:

Օգտվելով առիթից, որ պետական կառավարման համակարգը որեւէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում, սա շատ լավ ժամանակաշրջան է առավել հանգիստ պայմաններում աշխատելու համար: Հույս ունեմ, որ մեր կառավարության եւ պետական կառավարման համակարգի չքաղաքականացված հատվածը կօգտագործի այս ժամանակահատվածը՝ արդյունավետ աշխատանքի համար»,-հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել, իսկ դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանում տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: