ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է կայացրել նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակելով Սյունիքի մարզպետ։

Այսօր՝ հոկտեմբերի 18–ին, Կառավարության նիստից հետո լրագրողներն Օսիպյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում Հունան Պողոսյանի նշանակման վերաբերյալ հնչող քննադատությունները։

«Վարչապետի որոշումը ճիշտ որոշում է, եւ կարծում եմ՝ Հունան Պողոսյանը լավ կաշխատի»,– ասաց ոստիկանապետը։

Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը երկար տարիներ եղել է ոստիկանության պետի առաջին տեղակալ։ Հեղափոխությունից հետո, երբ հրաժարական ներկայացրեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, աշխատանքից ազատման դիմում գրեց նաեւ Հունան Պողոսյանը։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։