Մենք պետք է քաջալերենք Հայաստանում գինի ու կոնյակ արտադրողներին. կառավարությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի նրանց՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դրա համար այս պահին առավել մեծ խոչընդոտը արտադրանքի ծավալներն են: «Նաեւ այս կարգի ներդրումային ծրագրերով (խոսքը «Արմենիա Վայն» ՍՊԸ-ին արտոնություն տալու մասին է-խմբ), մենք պետք է աջակցենք մեր արտարդողներին՝ արտադրանքի ծավալները մեծացնելու գործում:

Բացի այդ, միջինժամկետ հեռանկարում մենք կարող ենք խնդիրներ ունենալ նաեւ Հայաստանում մշակվող խաղողի ծավալների հետ»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ այս առումով, գյուղնախարարությունը պետք է շատ ինտենսիվ աշխատի, որպեսզի մեր երկրում խաղողի այգիների ծավալները, դրանց մշակման կուլտուրան եւ որակը, ինչպես նաեւ հակակարկտային պաշտպանության, ոռոգման խնդիրը պատշաճ մակարդակի բերվի:

Նիկոլ Փաշինյանը ցավով արձանագրեց, որ հայկական կոնյակ անվան տակ ԵՏՄ տարածքում տարածվող խմիչքները իրականում հայկական կոնյակ չեն: «Այստեղ մենք պետք է կարողանանք շատ լուրջ վերահսկողություն ապահովել մթերման ծավալների առումով, որ չստացվի, որ որոշ անբարեխիղճ արտադրողներ այլ երկրներից այլ ծագման սպիրտներ ներկրեն եւ դա հայկական կոնյակի անվան տակ արտահանեն, ինչը բրենդի հեղինակության վրա բացասական ազդեցություն է ունենում»,-հայտարարեց նա: