ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւս ոստիկանությունն աննախադեպ վերահսկողություն է իրականացնելու։ Այս մասին նա ասաց այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում։

Հարցին՝ ի՞նչ արտահայտություն է ունենալու այդ աննախադեպ վերահսկողությունը, քրեական տարրերի ներգրավածությունը բացառելու ուղղությամբ աշխատանքներ իրականացվելո՞ւ են, ինչին ի պատասխան  Օսիպյանն ասաց. «Մենք չենք տարանջատում քրեական տարր կամ այլ տարր, օրենքի առջեւ բոլոր հավասար են եւ ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի ընտրությունները, հատկապես մարզերում նոր մոտեցումներ կօգտագործենք»։

Դիտարկմանը, որ նախկինում այդպես չի եղել, դրա հետ են կապված առկա կասկածները, Օսիպյանը նշեց. «Ես չգիտեմ նախկինում ոնց է եղել, ամեն դեպքում իմ պաշտոնավարման ընթացքում, այդ թվում՝ նախկինում շատ եմ արժանացել քննադատությունների, բայց թող որեւէ մեկը մի փաստող դրվագ  ներկայացնի, որտեղ ես թերացել եմ»։

Օսիպյանը շեշտեց՝ գոհ է իր ղեկավարած կառույցի ամեն ծառայողի աշխատանքից եւ համոզված է՝ ոստիկանների բարեխիղճ աշխատանքի շնորհիվ էր նաեւ, որ հնարավոր եղավ ավագանու լավ ընտրությունները, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը. «Կան մի քանի մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա եւ անուն կպցնել ոստիկանությանը, բայց ես, լինելով այս կառույցի ղեկավարը, գոհ եմ համակարգի յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից՝ այն ինչ չէի կարող ասել մայիս–հունիս ամիսներին, բայց ներկայումս ոստիկանությունը լավ է կատարում իր առջեւ դրված խնդիրները»։

Ոստիկանապետն ընդգծում է՝ Երեւանի ավագանու վերջերս կայացած ընտրությունների ցուցակների նման գերազանց ցուցակներ երբեւիցե չեն եղել, բայց հավաստիացնում է՝ նման ցուցակներ կլինեն նաեւ ԱԺ ընտրություններում. «Որեւէ մեկը չի կարող բացասական կարծիք հայտնել ավագանու ընտրությունների ցուցակների մասին, գերազանց, նմանատիպ ցուցակներ չեն եղել եւ ԱԺ ընտրություններում եւս ունենալու ենք այդպիսի ցուցակներ»։

Դիտարկմանը, որ ոստիկանության շարքային աշխատակիցներն, ըստ էության, չեն փոխվել, այդ պարագայում ինչով է պայմանավորված ոստիկանության նախկին աշխատանքի նման պատկերը, քաղաքական հրահանգ կա՞ր արդյոք, ինչին ի պատասխան ոստիկանապետն ասաց. «Ժամանակաշրջանն է ստիպել, որ մեր մոտեցումներն այլ լինեն եւ ներկայիս ստեղծված իրավիճակին ոստիկանությունն ըմբռնմամբ մոտեցավ, իմ տված հանձնարարականներն ու հրամանները կատարեցին ճիշտ եւ ժամանակին»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ասֆալտին փռելու գործողություններ էլի  իրականացվո՞ւմ են, ինչին Օսիպյանն արձագանքեց. «Դա միշտ եղել է եւ այո, էլի կլինեն»։

Նա հավաստիացրեց՝ ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին եւ կանխարգելիչ աշխատանքներ են իրականցնում, որ հակահեղափոխական ուժերի ակտիվացումներ ու լարվածություն չառաջանա։