ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։
«Շարունակում ենք քննարկումները, կոնսուլտացիաներն այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որովհետեւ նման վիճակները կարող են ի հայտ գալ տարբեր պատճառնելով հետագայում, եւ Կազմակերպության կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների»,– ասաց նա։
Լրագրողների դիտարկմանը՝ արդյոք ճիշտ չէր լինի նախ Խաչատուրովին հետ կանչել, ապա մեղադրանք առաջադրել, ԱԳ նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Սա խիստ ներքաղաքական բնույթի հարց է, եւ մենք՝ Հայաստանի Հանրապետությունն առաջին քայլերից արել է այնպես, որ մեր ներքաղաքական հարցերը չազդեն կազմակերպության վրա»։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Դատարանի որոշումից հետո հայկական կողմը հայտարարել էր Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու մասին, մինչդեռ, ըստ ռուսական կողմի, Հայաստանը պետք է սկսի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը: Ներկայումս Խաչատուրովը Մոսկվայում է եւ իրականացնում է իր` ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները: