Բազմիցս է խոսվել այն մասին, որ սկզբունքորեն օկուպացված տարածքներ չկան, որ այդ տարածքները ձեւավորվել են պատերազմից հետո, որը հրահրել էր Ադրբեջանը: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դենոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ.Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Բաքուն ընդհանրապես ոչ մի իրավունք չունի խոսելու որեւէ օկուպացված տարածքի մասին եւ այս կամ այն պահանջն առաջ քաշելու, մինչեւ չստորագրվի խաղաղության մասին վերջնական փաստաթուղթը, քանի որ ցանկացած պատերազմ, որպես կանոն, ավարտվում է նման կարգի փաստաթղթի ստորագրմամբ: «Հայաստանը մինչ օրս անգամ նոր իշխանության օրոք չի կարողանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ այս խնդրով ընդհանուր դիրքորոշում մշակել, որ բոլորի համար հստակ լինի՝ Երեւանն ու Ստեփանակերտը բանակցային գործընթացում ինչ են պատրաստ անել ու առաջարկել»,- նշեց Սարգսյանը:

Ըստ որում՝ նա զարմանք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմամբ հեռացող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին սկանդալային հայտարարության հարցում. «Նա ոչ թե պարզապես հեռացող դեսպան է: Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի ներկայացուցիչն է, որը, լրիվ հնարավոր է, որ արտահայտել է բոլոր համանախագահող երկրների դիրքորոշումը»,–շեշտել է քաղաքագետը։

Արամ Սարգսյանը կարծում է, որ Միլսի հայտարարությունները խոսում են այն մասին, որ ՀՀ նոր իշխանությունները, ամենայն հավանականությամբ, արդեն պատրաստ են նման զիջումների գնալ։

Հայաստանի Դենոկրատական կուսակցության նախագահն ընդգծեց, որ եթե գործը հասնի տարածների փոխանակմանը, ապա Ադրբեջանը նույնպես ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների, քանի որ հայկական կողմը կարող է բարձրացնել Շահումյանի, Մարտունաշենի, Գետաշենի, ինչպես նաեւ Մարտունու շրջանի մի մասի  վերադարձի հարցը, որոնք զբաղեցվել էին ադրբեջանական զորքերի կողմից։  

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ EVN Report ամսագրի հետ հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր. «Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ, չնայած այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, հայ ժողովրդի համար դա առավել դժվար են դարձնում»:

Ռիչարդ Միլս. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ