ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել եւ ընդդիմություն դառնալ։ Այս մասին նա հայտարարել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։ Միաժամանակ, նա նկատել է, որ եթե «վերադառնում ես քաղաքականություն, ապա այդ մասին պետք է մտածել»։  

Նախկին նախագահի խոսքով՝  կուսակցությանն անունը սկզբունքային չէ. «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք հարկավոր է ադապտացնել...Հիմա ես ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ տեսնում եւ ենթադրում եմ, որ այն հարկավոր է լրացնել ի շահ երկրի»,- հայտարարել է Քոչարյանը: 

ՀՀ երկրորդ նախագահը շեշտել է՝ որեւէ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտում չունի. «Եթե նման ձգտում լիներ, ես 10 տարի մասնավոր կյանքով չէի ապրի: Իրավիճակն այնպես է զարգանում, որ քեզ ներքաշում է գործընթացի մեջ, որից  չես կարող խուսափել  կենսագրության, խառնվածքի եւ կյանքի նկատմամբ վերաբերմունքի պատճառով»։

Միաժամանակ, խոսելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել չցանկանալու մասին՝ Քոչարյանը պարզաբանել է, որ ուղղակի չի հասցնում. «Ես անկուսակցական եմ եղել։ Դա նշանակում է, որ ես պետք է կուսակցություն ստեղծեմ զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչը երբեւէ եղել է: Նաեւ ես կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար որո՞նք են առաջնային գործողությունները, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Դու հայացքդ ուղղում ես այն մարդկանց վրա, որոնց ճանաչում ես, շրջապատին, որի հետ շփվել ես, աշխատել ես»։

Քոչարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ հարկավոր է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ ու էներգետիկայով լի մարդկանց. «Իհարկե, հարկավոր է նաեւ ներգրավել ինչ-որ մեկին հին թիմից, ում ճանաչում ես, ով քեզ հետ աշխատել է: Սակայն, ամեն դեպքում, հարկավոր է հենվել նոր սերնդի վրա, իսկ դա անելը հեշտ չէ, դրա համար ժամանակ է հարկավոր»: