Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու հայց են պատրաստում՝ կապված հայկական իշխանությունների ներկայացրած սահմանադրական կարգի տապալման մեղադրանքների հետ: Այս մասին Հայաստանի նախկին նախագահը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում:

«Ես ոչ թե հնարավոր եմ համարում, այլ այնտեղ (ՄԻԵԴ – խմբ.) պարտադիր կդիմեմ, եթե նման անհրաժեշտություն ծագի: Հարցն այն է, որ դրա համար պետք է անցնել բոլոր ներքին ընթացակարգերը»,- ասել է Քոչարյանը:

Ընդ որում՝ նա նշել է, որ առանձին դեպքեր կան, երբ գործերն ընդունվում են նաեւ մինչեւ երկրի ներսում բոլոր ատյաններն անցնելը, եթե նկատվում է դատարանների վրա ակնհայտ ճնշում: «Իմ դեպքում նման ճնշում կա, եւ հիմա փաստաբաններն արդեն հայց են պատրաստում»,- հավելել է Քոչարյանը:

Նա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի բան է համարել սահմանադրական կարգի տապալման մասին հեռախոսազրույցը Հատուկ քննչական ծառայության պետի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի միջեւ: «Այնպիսի սկանդալ էր, որին առնվազն հրաժարականների շարք պիտի հետեւեր: Սակայն նրանք բոլորը շարունակում են իրենց պաշտոններին մնալ, բոլորն իրենց բավականին հարմարավետ են զգում, շարունակում են անել այն, ինչով զբաղվում էին: Չնայած օբյեկտիվ լինելու դեպքում, նրանք բռնվել են հանցագործություն կատարելիս: Մինչդեռ շարունակում են իրենց պաշտոններին մնալ»,- ասել է Քոչարյանը:

Նախկին նախագահի խոսքով՝ միայն այս փաստը քրեական գործը փլուզում է, որով ինքն անցնում է: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար միայն այս փաստը միանգամայն բավարար է: Բուն քրեական գործը սարքած է, այնտեղ ոչ մի բան չկա: Ես սա անվանում եմ իրավական աղբ, դժվար է այլ բառ գտնել»,- ընդգծել է Քոչարյանը: