«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասնագետները Հայաստանում բանկային տոկոսադրույքների զգալի փոփոխություններ չեն կանխատեսում: Այս մասին, հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Նա նշեց, որ չնայած բարձրացման ուղղությամբ որոշակի ճնշմանը, տոկոսադրույքները զգալի չեն բարձրանա:

Արման Բարսեղյանի խոսքով, առաջիկա 6 ամիսներին տոկոսադրույքները հայկական բանկային շուկայում զգալի փոփոխություններ չեն կրի, քանի որ նկատվում են գործոններ, որոնք նպաստում են եւ տոկոսադրույքների բարձրացմանը, եւ նվազեցմանը: Այդ գործոններից նա առանձնացրեց 4 հիմնականները:

«Նախ, տնտեսական աճի բարձր տեմպերը նպաստում են ֆինանսական ռեսուրսների նկատմամբ պահանջարկի ավելացմանը, եւ որպես հետեւանք բանկային տոկոսադրույքների աճին: Ինչպես հայտնի է այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունը կազմել է 7,7 տոկոս, ինչը բավական բարձր ցուցանիշ է»,-ընդգծեց բանկիրը:

Երկրորդ գործոնը, ըստ նրա, վերջին մեկ տարում միջազգային շուկաներում տոկոսադրույքների աճն է, մասնավորապես, բարձրացել է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բազային տոկոսադրույքը, Libor տոկոսադրույքը, ինչպես նաեւ հայկական եվրոբոնդերի տոկոսադրույքները (0,5-0,75%):

«Այս գործոնը ժամանակային լագում կարող է ազդել Հայաստանի բանկային շուկայի տոկոսադրույքների մակարդակի վրա»,-ասաց Բարսեղյանը:

Տոկոսադրույքների վրա կարող է ազդել նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության մեղմացումը կամ խստացումը: Արման Բարսեղյանը հիշեցրեց, որ 2017 թվականից ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6 տոկոս, եւ այստեղ կարող են որոշ փոփոխություններ լինել, որոնք կարող են ի թիվս այլոց ազդել բանկային տոկոսադրույքի վրա:

«Եվ վերջապես, մրցակցությունը կառուցվածքային փոփոխություններ չի կրել, քանի որ բանկերի համար կապիտալի նվազագույն շեմի բարձրացման նորմատիվային պահանջի խստացումից հետո բանկային համակարգի կոնսոլիդացիայի գործընթաց հիմա արդեն չի նկատվում»,-ասաց նա:

Արման Բարսեղյանը հավելեց, որ կատարելով ԿԲ պահանջները, բանկերի զգալի մասը կապիտալի եւ լիկվիդայնության ավելցուկ է ունեցել, որը հիմա արդեն չեզոքացվել է, եւ բանկային վարկավորման պահուստային կուտակումն այդքան էլ բարձր չէ: