Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպում է  ունեցել  ԳԴՀ ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Միխայել Զիբերտի հետ։

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, միաժամանակ նշելով, որ Երեւանի քաղաքապետի վերջին ընտրությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման յուրօրինակ հանրաքվե էր եւ ժողովուրդն իր մանդատը տվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մ. Զիբերտը նշել է, որ գերմանական կողմը պատրաստ է խորացնել հայ- գերմանական համագործակցությունը եւ իր պատրաստակամությունն է արտահայտում Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ներդրման ու խորացման աջակցության հարցում։

ԳԴՀ պաշտոնյան ողջունել է ՀՀ կառավարության ջանքերն ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանում  համընդհանուր պայքար է մղվում կոռուպցիայի դեմ եւ մասնավորապես կրթության ոլորտում արդյունքներն արդեն նկատելի են։ Կողմերն անդրադարձել են նաեւ  բուհերի կառավարման մարմինների քաղաքական ազդեցություններից հեռու պահելու հարցերին։

ԿԳ նախարարի պաշտոնակատար Հարությունյանը հանդիպում է ունեցել նաեւ ԳԴՀ մասնագիտական կրթության դաշնային ինստիտուտի ծրագրային քաղաքականության, ռազմավարության եւ միջազգային կապերի վարչության տնօրեն Բիրգիտ Թոմանի հետ։ Գ. Թոմանը ներկայացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում ԳԴՀ-ի փորձը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարն առաջարկել է միջին մասնագիտական կրթության ոլորտում խորացնել համագործակցությունը, մասնավորապես համատեղ գործողությունների ծրագիր կազմել։  

 

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Պոտսդամում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան։ Ընդգծելով Յ. Լեփսիուսի ունեցած դերը հայ ժողովրդի պատմության մեջ` կարեւորել է տուն-թանգարանի կողմից իրականացվող մշակութային եւ գիտահետազոտական աշխատանքները։  Հանդիպման ընթացքում քննարկվել են  տուն-թանգարանի եւ Հայաստանի համապատասխան կրթական եւ գիտական կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերը։