Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եթե անգամ գնա երկրի արտաքին քաղաքական կուրսի շրջադարձի, ապա միայն մեղմ ձեւով: Այս մասին ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում:

«Մեր իրավիճակում մոտեցումների կտրուկ փոփոխությունը մի փոքր դժվար է: Մենք կոնկրետ ռազմա-քաղաքական միության անդամ ենք, եւ դրան որեւէ տեսանելի այլընտրանք չկա: Կարծում եմ, որ եթե նույնիսկ ինչ-որ շրջադարձեր լինեն, ապա դրանք մեղմ ձեւով կարվեն՝ հաշվարկելով ժամանակային ինչ-որ միջակայքի համար»,- ասել է Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ Փաշինյանը նախկինում քաղաքականության հանդեպ արմատական մոտեցումներ ուներ: «Սակայն մի բան է ընդդիմության մեջ լինել ու խոսել այն մասին, որ Հայաստանից պետք է դուրս բերել ռազմակայանները, պետք է մտնել ՆԱՏՕ եւ այլն: Եվ այլ բան է, երբ անմիջական պատասխանատվություն ես կրում անվտանգության համար, ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: Դու գետնի վրա ես կանգնում եւ սկսում ես իրատեսորեն նայել այն բանին, թե ինչ կլինի հետո»,- հավելել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այլ հարց է, թե այս ամենը որքանով անկեղծ կլինի: «Եթե դու 20 տարի այլ կերպ ես մտածել եւ համոզված ես եղել քո ճշմարտությանը, ակնհայտ է, որ մի օրում քո կարծիքը 180 աստիճանով չես փոխի»,- նշել է նախկին նախագահը:

Ի պատասխան հարցին՝ Ռուսաստանի հետ համագործակցությունից հեռանալու փորձեր արդյոք տեսնո՞ւմ է, Քոչարյանը կատակել է. «Վերջերս Comedy club-ը Երեւանում շատ հետաքրքիր տեսարան ներկայացրեց, երբ մի քանի երկրներ քննարկում են իրենց փոխհարաբերությունները: Շատ դիպուկ եւ հումորով են նկարագրում այն, ինչ հիմա տեղի է ունենում, եւ այն, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա 2-3 տարում»,- հավելել է Քոչարյանը: