Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

Դրանում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին եւ բարեկամներին, բոլոր տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կերչում քոլեջում տեղի էր ունեցել պայթյուն եւ հրաձգություն: Տեղի ունեցածը նախ ահաբեկչություն էր համարվել, այս մասին հայտարարել էր Ռոսգվարդիայի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Մելիկովը, այնուհետեւ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ահաբեկչություն հոդվածով (ՌԴ ՔՕ 205 հոդված):

Սակայն ավելի ուշ ՔԿ-ն գործը վերաորակել էր երկու եւ ավելի անձանց սպանություն հոդվածով (ՔՕ 105 հոդվածի 2-րդ մաս): ՔԿ-ից նաեւ հայտնել էին, որ քոլեջում հրաձգությունը կատարել էր 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը, նա 18 տարեկան էր: Կերչի քոլեջի վրա հարձակման հետեւանքով մահացել է 15 աշակերտ (այդ թվում՝ 6 անչափահաս) եւ 5 մեծահասակ: