Ամերիաբանկը Ամանորի տոների առթիվ ակցիա է սկսել փոքր ու միջին բիզնեսի համար՝ այլ բանկերի վարկերի վերաֆինանսավորում: Այս մասին, հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով, այլ բանկերի վարկերի վերաֆինանսավորումը Ամերիաբանկում կիրականացվի բիզնես սուբյեկտների համար ավելի շահավետ պայմաններով: Մասնավորապես, բանկն իր վրա է վերցնում վարկի փոխանցման բոլոր ծախսերը եւ միաժամանակ հաճախորդին վճարում է վերաֆինանսավորված վարկերի 2 տոկոսի չափով:

«Վարկերի վերաֆինանսավորումը ՓՄՁ-երին աջակցելու նշանակալի գործիք կդառնա Ամանորից առաջ բիզնեսի համար ակտիվ ժամանակաշրջանում»,-նշեց Բարսեղյանը:

Այդ ակցիայի շրջանակներում, ըստ նրա, բանկը մտադիր է նաեւ հետագա 12 ամսում 50 տոկոսով կրճատել վարկի մայր գումարի մարումը: Միաժամանակ, վարկերի վերաֆինանսավորումը Ամերիաբանկը կառաջարկի իր մոտ գործող ստանդարտ տոկոսադրույքներով, իսկ ֆինանսավորման գումարը կարող է լինել մինչեւ գրավի արժեքի 100 տոկոսի չափով:

Ակցիան գործում է մինչեւ 2018 թվականի ավարտը եւ տարածվում է 10-150 մլն դրամի վարկերի վրա: