Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատում է այն նույն իներցիայով, ինչ նախկինում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը։  

Նրա խոսքով՝ Ադրբեջանում ի տարբերություն Հայաստանի ընդհանրապես չեն խոսում հայկական կողմին ինչ–որ զիջումներ անելու մասին. «Իսկ մենք հանգիստ ենք վերաբերում նման խոսակցություններին։ ՀՀ ԱԺ–ն պարտադիր պետք է թեկուզ մեկ որոշում ընդունի այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես երկիր ձեւավորվել է օրինական ճանապարհով, միջազգային նորմերին համապատասխան, եւ չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եթե որեւէ մեկը կարող է այս հարցում մեզ հակադարձել, մենք կարող ենք մեր դիրքորոշումը հիմնավորել փաստերի տրամադրելով»,–պարզաբենց Սարգսյանը։

Քաղաքագետը շեշտեց, որ դուրս գալով Ադրբեջանի կազմից՝  Ղարաբաղը չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը, քանի որ դրա իրավունքն ուներ ըստ ԽՍՀՄ սահմանադրության։ Արամ Սարգսյանը համոզված է՝ մադրիդյան սկզբունքները, որոնց շրջանակներում փորձում են լուծել ղարաբաղյան հակամարտությունը չի համապատասխանում հայկական կողմի շահերին եւ չի նպաստում անկախ, միջազգային մակարդակով ճանաչված պետության ձեւավորմանը։