2019թ.–ի պետական բյուջեի նախագիծը կարելի է բնորոշել համեստ, նախկին վարկերը փակելուն ուղղված պետական բյուջե։ Այսօր՝ հոկտեմբերի 18–ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով, բյուջեի նախագծով նախատեսվում է 15 մլրդ դրամով ավելացնել կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին փոխանցվող գումարի չափը. «Այսինքն, բյուջեով նախատեսվում է 56 մլրդ դրամ փոխանցել կուտակային ֆոնդերի կառավարիչներին, այդ գումարները 20-30 տարի հետ կվերադարձնեն կամ ոչ, դա մեծ հարցական է, աւյսինքն տալիս ենք հետագայում վերադարձնելու մշուշոտ ակնկալիքով, մինչդեռ այդ 56 մլրդ դրամը կարող էինք տարբեր ծրագրեր իրականացնել։ Ըստ էության, Կառավարությունն արձանագրում է կամ հաստատում, որ շարունակելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը եւ  որեւիցե նոր կենսաթոշակային բարեփոխումների մասին խոսք չկա։ Երբ հունիսին բերվեց փաթեթը, հայտարարեցին, որ երկու ամսում նոր բարեփոխումների փաթեթ են ներկայացնելու, սակայն, այդպես էլ չներկայացրեց, կարծես թե մոռացվեց հասարակության կողմից, որ նման խոստում է եղել»։

Նշենք, որ 2019թ. բյուջեի նախագծով Հայաստանի եկող տարվա համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: Համայնքների 2019-ի բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ։