Ընկերոջ հորը թունավորելու փորձի համար 10 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքագետ  Արկադի Վարդանյանի պատժի կրման ռեժիմը փոխվել է։ NEWS.am–ի տեղեկություններով՝  Վարդանյանը կիսաբաց ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է բաց ուղղիչ հիմնարկ։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից NEWS.am–ին հայտնեցին, որ Վարդանյանը բաց տիպի ուղղիչ հիմնարկ է տեղափոխվել սեպտեմբերի 24–ին։ Աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում՝ Վարդանյանը կարող է առավոտյան 08:00-ին գնալ աշխատանքի, իսկ երեկոյան 20:00-ին վերադառնալ «Արմավիր» ՔԿՀ։

Նշենք, որ դատապարտյալի ուղղիչ հիմնարկի տեսակը փոխում է քրեակատարողական ծառայության  տեղաբաշխման հանձնաժողովը՝  հաշվի առնելով դատապարտյալի դրսեւորած վարքագիծը, մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը։

Ավելի վաղ  NEWS.am-ի հետ զրույցում Արկադի Վարդանյանի պաշտպան Նիկոլայ  Բաղդասարյանը նշել էր, որ Վարդանյանի հիվանդությունն անհամատեղելի է պատժի կրման հետ:

 Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 13–ի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝  հոր սպանությունը նախապատրաստելու համար Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ Ավետյանին թունավորելու փորձի համար՝ 10 տարվա ազատազրկման։

Ըստ գործի նյութերի՝ սպանությունը պետք է տեղի ունենար հոգեմետ դեղամիջոցը հանքային ջրի մեջ լուծելով եւ տուժողին տալով: