Կառավարության կողմից առաջարկվող համահարթ 23 տոկոս եկամտային հարկն ընդունելի չէ ոչ տնտեսական, ոչ սոցիալական տեսանկյունից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Դա ավելի կխորացնի մեր հասարակության մեջ գրանցված սոցիալական բեւեռվածությունը։ Մենք խնդիր ունենք եկամուտների վերաբաշխման, ոչ թե բոլորից նույն չափով 23 տոկոս հարկ վերցնելու, որովհետեւ դրա հետեւանքով հարուստներն ավելի կհարստանան, իսկ աղքատների դեպքում ոչինչ էլ չի փոխվի։ Մենք սոցիալ–տնտեսական քաղաքականության այս մոտեցումն իրականում շատ կտրուկ վերանայելու խնդիր ունենք, եւ Կառավարության թիմն այս ուղղությամբ շատ լուրջ անելիքներ ունի»,– ասաց տնտեսագետը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եկամտային հարկի փոփոխության երկու տարբերակ։ 

«Առաջին սցենարով առաջարկվում է երեք սանդղակի փոխարեն ձեւավորել երկու սանդղակ: Այսօր կան մինչեւ 150 հազար դրամ ստացողներ, որոնք հարկվում են 23 տոկոսով, 150 հազար դրամից մինչեւ 1,5 մլն դրամ ստացողները հարկվում են 28 տոկոսով եւ դրանից ավելի ստացողները հարկվում են 36 տոկոսով: Հիմա կա տարբերակ՝ սահմանել շեմը ոչ թե 150 հազար դրամ, այլ 250 հազար, որտեղ մինչեւ 250 հազար դրամ ստացողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ դրանից ավելի ստացողները՝ 25 տոկոս:

Երկրորդ տարբերակով առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտային հարկ, շահութահարկ եւ դիվիդենտի հարկ. «Այսինքն ունենալ այնպիսի համակարգ, որ բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս եկամտային հարկ, շահութահարկի եւ դիվիդենտի հարկի հանրագումարը եւս լինի 23 տոկոս»,– ասել էր նա: