Ամերիկյան CBS News հեռուստաալիքի թղթակից Էրոլ Բարնեթը թիկնազորի պատճառով չի կարողացել սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման մասին հարց տալ ԱՄՆ նախագահի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշներին, հայտնում է հեռուստաալիքը, փոխանցում է Gazeta–ն։

Մասնավորապես, լրագրողը Քուշներին հանդիպել է ԱՄՆ գաղտնի ծառայությունների աշխատակիցների հետ ինքնաթիռի մուտքի մոտ։ Բարնեթը, իր խոսքով, ներկայացել է եւ ցույց է տվել լրագրողական վկայականը, սակայն  գաղտնի ծառայության աշխատակիցը փակել է տեսախցիկը եւ ասել. «Ինձ չի հետաքրքրում, թե դու ով ես»։ Միջադեպի տեսանյութը լրագրողը հրապարակել է իր թվիթերում, որից հետո լրագրողի հետ կապ է հաստատել գաղտնի ծառայության մեկ այլ աշխատակից, որը հայտարարել է, որ իր գործընկերոջ պահվածքը չի համապատասխանում արարողակարգին։

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում բացատրել է նման պահվածքը։ Հայտարարությունում ասված է, որ գերատեսչությունը ոչ մի կերպ չի փորձել խոչընդոտել ԶԼՄ–ների իրավունքը եւ Քուշներին հասանելիությունը, որը գտնվում է գաղտնի ծառայությունների պաշտպանության ներքո, իսկ գործողությունները ձեռք են առնվել բացառապես ի պատասխան անհայտ անձի կտրուկ շարժումներին, որը հետագայում հայտարարել է,ո ր ԶԼՄ ներկայացուցիչ է։

CBS News–ը նշում է, որ Քուշները կարեւոր դերակատար է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ հարաբերությունների հաստատման, ինչպես նաեւ թագավորությանը զենքի մատակարարման հարցում։