Ռամկավար Ազատական կուսակցությունն իր հայրենական եւ սփյուռքյան կառույցներով անմիջականորեն հետեւում է Հայաստանի Հանրապետությունում ծավալվող քաղաքական իրադարձությունների յուրաքանչյուր փուլին եւ, միեւնույն ժամանակ, իր կառույցներով ու զանգվածային լրատվական միջոցների ծավալուն ցանցով սատարում է ժողովրդական զանգվածների գլխավոր ցանկությանը` Մայր հայրենիքում ժողովրդավարական գործընթացը անշրջելի դարձնել:

Մեկնելով վերոհիշյալից, ՌԱԿ-ը զորակցում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով մեր երկրում օրենսդրական նոր` ժողովրդի տարբեր խավերն ու ուղղությունները ներկայացնող մարմին ստեղծելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մեր բոլորի տեսլականն իրականացնելու սահմանադրական քայլերին եւ իր պատրաստակամությունն է հայտնում գործնականորեն աջակցելու եւ մասնակցելու այդ ուղղությամբ տարվող գործընթացներին:

Առ այդ, ՌԱԿ-ը ողջունում է գործող վարչապետի հրաժարականի պայմաններում 7+7 սահմանադրական մեխանիզմի կիրառումը, ինչպես նաեւ խորհրդարանական ուժերի` վարչապետի սեփական թեկնածու չառաջադրելու խոստումը, որը մեր երկիրը առանց ցնցումների կառաջնորդի դեպի գործող Ազգային ժողովի լուծարումն ու առաջիկա դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրությունների միջոցով Օրենսդիր նոր մարմնի ստեղծումը:

Միաժամանակ, ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ առաջիկա ընտրությունները, թեեւ որոշակի շտապողականության պայմաններում, կկայանան ազգային համերաշխության, ժողովրդավարական սկզբունքների հարգման, սահմանադրական նորմերի կիրառման մթնոլորտում, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնականացման, տարածաշրջանում ծավալվող վտանգավոր զարգացումները վճռականորեն դիմագրավելու, հայոց պետականությունը ուժեղ, տնտեսապես բարգավաճ եւ անխոցելի դարձնելու համաժողովրդական տեսլականով:

ՌԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ եւ առաջիկա ընտրություններին ստանձնել իր բաժին պատասխանատվությունը, վայելելով իր բոլոր անդամների եւ համակիրների բարոյական ու գործնական աջակցությունը: