Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն ընդդիմության մեջ է, սակայն դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուց հետո խորհրդարան անցնելու եւ այնտեղ թեկուզ ինչ-որ տեղ զբաղեցնելու ծայրահեղ քիչ շանսեր ունի: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ընդ որում՝ նա չբացառեց այն հնարավորությունը, որ ապագայում կուսակցությանը կհաջողվի դուրս գալ այն դժվարին վիճակից, որում այսօր հայտնվել է:

«Այլ հարց է, եթե ապագայում Հանրապետական կուսակցությունը վերաֆորմատավորվի, օլիգարխներից եւ քրեական տարրերից մաքրվի: Հանրապետականները ընտրազանգված ունեին, որին, ի դեպ, այս ընթացքում կորցրել են»,- պարզաբանեց Քոչարյանը:

Քաղտեխնոլոգը, միաժամանակ, շեշտեց, որ եթե ՀՀԿ-ն կարողանա ներգրավել եւ իր շուրջը համախմբել փորձառու եւ գործունյա կադրերի, թեկուզ որպես արտախորհրդարանական ընդդիմություն, ապա հաջորդ ընտրություններին կկարողանա վերածվել լուրջ քաղաքական ընդդիմադիր ուժի: