Հայկական բանկերը հիփոթեքային տոկոսադրույքների հետագա նվազեցման ռեսուրսներ չունեն: Այս մասին հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ վերջին 2 տարում Հայաստանի հիփոթեքային շուկայում տոկոսադրույքները զգալիորեն նվազել են, սակայն հետագա նվազեցման համար բանկերը համապատասխան ռեսուրսներ չունեն, հատկապես միջազգային շուկաներում տոկոսադրույքների բարձրացման ֆոնին:

«Այլ հարց է, եթե պետությունը սկսի հիփոթեքային վարկերի սուբսիդավորում, ինչպես անում է սոցիալական նշանակության որոշ ծրագրերի համար: Օրինակ՝ «Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի բնակարան» ծրագրով բնակչությանը տրամադրվում են նվազեցված հիփոթեքային տոկոսադրույքներ, սակայն բանկերի համար դրանք սուբսիդավորվում են»,- նշեց բանկիրը:

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ, Հայաստանում վերջին ամիսներին անշարժ գույքի շուկան ցուցադրում է ակտիվություն եւ լիկվիդայնության աճ, մասնավորապես՝ ստանդարտների համաձայն երկրում անշարժ գույքի գործարքների թիվը 30 տոկոսվ մեծացել է, ինչը որոշ վարչական շրջաններում հանգեցրել է անշարժ գույքի, հատկապես նորակառույցների բնակարանների գների 10-15 տոկոսով աճի: Զուգահեռ աճել է շինարարական նոր նախագծերի թիվը:

«Այս գործոններն առաջացրել են հիփոթեքային վարկավորման աճ, օրինակ՝ Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը 2018 թվականի 9 ամսում 20 տոկոսով մեծացել է»,- նշեց Բարսեղյանը:

Միաժամանակ, նա շարունակեց, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում դիտվող ակտիվությունը գների բարձրացման որոշակի ակնկալիքներ է ձեւավորում. մարդիկ ձգտում են արագ գնել անշարժ գույք, քանի դեռ գները չեն բարձրացել:

Հայաստանի անշարժ գույքի առաջնային շուկայում դինամիկան եւ հիփոթեքային վարկավորման ներկայիս ծավալները նույնպես պայմանավորված են կառուցապատողից բնակարան ձեռք բերելիս ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար եկամտահարկի վերադարձման օրենքի գործողությամբ:

«Այսպիսով, անշարժ գույքի շուկայի ակտիվությունը կհանգեցնի հիփոթեքային վարկավորման ծավալների աճի»,- նշեց Բարսեղյանը:

Ամերիաբանկում գործող հիփոթեքային ծառայությունների վերաբերյալ նա նշեց, որ բանկը հիփոթեք է տրամադրում գրավադրված գույքի արժեքի մինչեւ 100 տոկոս գումարով: Որոշ դեպքերում նորակառույցներում բնակարաններ գնելիս բանկը չեղարկում է կանխավճարը, ինչպես նաեւ չի իրականացնում նորակառույցում բնակարանի արժեքի սեփական գնահատում՝ հիմք ընդունելով կառուցապատողի գները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր, որ Հայաստանում հիփոթեքային վարկերը կարող են դառնալ աննախադեպ մատչելի: Ըստ կառավարության նախագծի՝ Երեւանում երկրորդային շուկայում հիփոթեքային տոկոսադրույքները կհաստատվեն 7,5 տոկոսի մակարդակում, մարզերում կնվազեն մինչեւ 5,5 տոկոս, առաջնային շուկայում կգործի 7,5 տոկոս տոկոսադրույքը: 

Սպասվում է նաեւ «Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի բնակարան» ծրագրի ընդգրկման ընդլայնում, մասնավորապես ամուսինների ընդհանուր տարիքը կբարձրացվի 65-ից մինչեւ 70 տարի: Նաեւ բնակարանի մինչեւ 25 մլն դրամ (շուրջ 50 հազար դոլար) արժեքի դեպքում եկամտահարկի պահումը կկազմի հիփոթեքի տոկոսների չափը: