Հայաստանի բանկային համակարգը կայուն է երկրում քաղաքական մարտահրավերների նկատմամբ։ Այսպիսի տեսակետ հայտնեց «Ամերիաբանկի» տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը։

Այս մասով նա նշեց, որ առաջիկա քաղաքական իրադարձությունները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները բացասաբար չեն ազդի երկրի բանկային եւ ֆինանսական համակարգի վրա։

«Հայաստանի բանկային համակարգը նշանակալի ցնցումների չի ենթարկվել նույնիսկ երկրում քաղաքական իրավիճակի սրման պայմաններում։ Սա վկայում է այն մասին, որ երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները որոշիչ ազդեցություն չունեն, քանի որ համակարգը ինստիտուցիոնալ առումով կայացել է»,–ասաց Բարսեղյանը։

Ինչ վերաբերում է բանկային դրույքաչափերին, բանկերին, նա նշեց. «Որքանով վտանգված է երկիրը, այնքան ցածր է վարկանիշը եւ այնքան բարձր են դրույքաչափերը, որոնցով տնտեսվարող սուբյեկտները, այդ թվում՝ բանկերը միջազգային շուկաներից ռեսուրսներ են ներգրավվում։ Հետեւաբար, որքան կայուն է քաղաքական իրավիճակը, այնքան ցածր է բանկային տոկոսադրույքները՝ սա աքսիոմ է»,–նշեց մասնագետը։

Նա հիշեցրել է, որ միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը 2018 թվականի մարտին հաստատել է արտասահմանյան եւ ազգային արժույթով Հայաստանի կառավարության վարկային պարտավորությունների էմիտետի անկախ վարկանիշը B1 մակարդակում՝ բարելավելով կանխատեսումը «Կայունից» «Դրականի»։