Ամերիաբանկը մասնավոր արեւային էլեկտրակայաններ գնելու եւ տեղադրելու համար ֆիզիկական անձանց վարկավորման ծրագիր է սկսել։ Այդ մասին հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց տնօրինության անդամ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։

Նրա խոսքերով՝ արեւային էլեկտրակայաններ գնելու վարկերը կհատկացվեն դրամով (ինչպես պահանջում է օրենքը)՝ տարեկան 12-14 տոկոս տոկոսադրույքով։

«Այս տոկոսադրույքը սպառողական վարկավորման համար շատ հրապուրիչ է, եւ դա պայմանավորված է նրանով, որ բանկն այդ նպատակի համար բավական էժան ֆինանսական միջոցներ է օգտագործում»,- նշեց Բարսեղյանը։

Նա նկատեց, որ արեւային վահանակների եւ կայանների պահանջարկի աճին զուգահեռ՝ աճում է այդ սարքերի ֆինանսավորման ծավալը։

«Հայկական շուկայում, ցավոք, այդ տեխնոլոգիաներն այդքան էլ պահանջարկ չունեն, ինչպես ուրիշ երկրներում, բայց ես համոզված եմ, որ այդ բացը կլրացվի մոտ ապագայում, քանի որ արդեն հիմա գելիոտեխնոլոգիաների հանդեպ մեծացող հետաքրքրություն է նկատվում»,- ասել է բանկիրը։

Նա հավելել է, որ արեւային էլեկտրակայաններ գնելու համար ֆիզիկական անձանց վարկավորման ծառայությունը բանկն ընդամենը մեկ ամիս է, ինչ ներդրել է, եւ կոնկրետ արդյունքների մասին մի քանի ամսից կհայտարարվի։