Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել նույնպիսի տեխնոլոգիական առաջատար երկիր, ինչպիսին նա էր ԽՍՀՄ տարիներին և պայմաններում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18–ին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթում։

«Դրա համար մենք ունենք ամենակարևորը՝ մարդկային ներուժը. մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում են այդ գիտելիքը, կարող են փոխանցել այն և, կարևորը, ավանդույթներ, որոնք կապված են ԳԱԱ գործունեության հետ: Մեծ հույս ունենք, որ Հայաստանի գիտությունը, կառավարությունը և հանրությունն այս հարցի շուրջ յուրօրինակ կոնսենսուս ձևավորելու և ՀՀ-ում նոր տեխնոլոգիական առաջընթաց, նոր տեխնոլոգիական հեղափոխություն իրականացնելու հնարավորություն կստեղծեն», - ընդգծեց կառավարության ղեկավարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ քաղաքական վերջին փոփոխությունների արդյունքում Հայաստանում գիտական, տեխնոլոգիական, ինտելեկտուալ գործունեության համար նոր հեռանկարներ են բացվում:

«Հայաստանը պետք է լինի ինտելեկտուալ, զարգացած, տեխնոլոգիական երկիր, որովհետև մենք հավատում ենք, որ բացարձակապես բոլոր խնդիրների լուծման ամենակարևոր գործիքը մարդկային միտքն է, որն անսահման է: Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի, յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր ոլորտի առջև բացված են անսահման հնարավորություններ, և հույս ունենք, որ կկարողանանք օգտագործել այդ անսահման հնարավորությունները», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Իր գնահատանքը հղելով բոլոր գիտնականներին, ովքեր ստեղծել են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, աշխատել են այնտեղ և իրենց աշխատանքով կարողացել են բարձրացնել կառույցի հեղինակությունը՝ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հայ գիտնականները մեր ժողովրդին հպարտանալու նորանոր առիթներ կտան: