Ամերիաբանկի դիստանցիոն ծառայությունների սպառողական պորտֆելը 2018թ․ վերջին կգերազանցի 20 մլրդ դրամը։ Այդ մասին հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց տնօրինության անդամ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը

Նրա խոսքերով՝ աճը կապահովվի թվայնացված ծառայությունների ներդրման շնորհիվ։ Բանկիրը նշեց, որ այս տարվա ընթացքում բանկը սպառողական պորտֆելի աճի աննախադեպ տեմպեր է գրանցել, ինչը պայմանավորված է ոչ միայն տնտեսական աճի տեմպերով, այլեւ նոր թվային ծառայությունների, այդ թվում՝ սկորինգային համակարգի ներդրումով, որը բանկ դիստանցիոն դիմելու եւ հաշված րոպեների ընթացքում վարկ ստանալու հնարավորություն է ընձեռում։ «Սպառողական վարկավորման աճի տեմպերը գերազանցեցին մեր ակնկալիքները, եւ դրանք շարունակական բնույթ կկրեն»,- նշեց Բարսեղյանը։

Նա խոսեց նաեւ հաջորդ տարի մանրածախ բիզնեսի նախընտրելի ուղղությունների մասին, առանձնացնելով հիփոթեքային վարկավորումը, որը թելադրված է օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես՝ Հայաստանում անշարժ գույքի շուկայում ակտիվությամբ։ Երկրորդ նախընտրելի ուղղությունը, որ բանկն իր համար նշել է, սպառողական վարկավորումն է, որ մեծ պահանջարկ ունի՝ կապված տնտեսական աճի բարձր տեմպերի հետ։

«Եւ, իհարկե, փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորումը, որը մնում է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի անփոփոխ նախընտրությունը»,- ամփոփեց տնօրենը։