Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարող տնօրեն Թոմաս Մայր Հարթինգին և ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները, մասնավորապես` ԵՄ ուսումնավարժական ծրագրերում եւ խաղաղապահ առաքելություններում հայկական զինվորական անձնակազմին ընդգրկելու հնարավորությունները: Զրուցակիցները նշել են այս գործընթացի իրականացման համար համապատասխան միջազգային իրավական դաշտի մշակման կարևորությունը:

Հյուրերի խնդրանքով Տոնոյանը ներկայացրել է շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` նշելով, որ ներկայում լարվածությունը որոշակիորեն նվազել է: