«Սա թողարկված վերջին պղինձն է։ Մեծ ցավով տեղեկացնում եմ, որ այս պահից դադարեց աշխատել պղնձաձուլարանի սիրտը՝ մետալուրգիական արտադրամասը։ Վերջացավ...». ֆեյսբուքյան այս գրառումը կատարել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակից Գարեգին Անտաշյանը։

NEWS.am-ի հետ զրույցում գործարանի մեկ այլ աշխատակից՝ Արտեմ Նիկողոսյանն ասաց, որ գործարանի աշխատանքը վերջնականապես  դադարեցված չէ՝  վառարանները մինիմալ կրակով աշխատում են, քանի որ եթե սառչեն, կդառնան անպիտան. «Գործարանում եղած վերջին գրամ պղնձի հումքը պահեստներից մաքրել են, բեռնել վառարանը։ Հանքավայրերից ներմուծում չկա արդեն մեկ շաբաթից ավելի։ Սեփականատերը որոշել է դադարեցնել աշխատանքը, մինչեւ ծագած խնդիրները լուծվեն»։

Նա պարզաբանեց, որ անցած երկուշաբթի «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ, «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը հանդիպել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հետ։ Փոխվարչապետը սեփականտիրոջից մեկ շաբաթ ժամանակ է  պահանջել՝ խնդիրն ուսումնասիրելու համար։ Գործարանի աշխատակիցն ասաց, որ վաղը 5 աշխատանքային օրը լրանում է եւ իրենք սպասում են պատասխանի։ 

Գարեգին Անտաշյանն ասաց, որ գործարանը Էկոլոգիական տուգանքեր ունի  վճարելու, բացի այդ, ՎՏԲ բանկի հետ վարկային չկատարված պայմանագրեր ունի եւ երրորդը՝ էկոլոգիական խնդիր կա. «Բայց եթե պետությունն աջակցի, գործարանը չփակվի, ընկերությունը պատրաստ է չինական բարձր որակի տեխնոլոգիական միջոցներով էկոլոգիայի հարցը լուծել»։

«Էյ–Սի–Փի» ընկերության աշխատակիցների առաջին քայլը եղել է վարչապետին այս խնդրանքով բաց նամակ գրելը։ 

Վաղը, բացասական պատասխանի դեպքում, 650 աշխատակից ունեցող կոլեկտիվը եւ Ալավերդու բնակիչները մտադիր են բողոքի ցույց անել։