Ես բացառում եմ, որ Վահան Կարապետյանին կամ Լյովա Խաչատրյանին որեւէ մեկը կարող էր ճնշել։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով կուսակցական իր գործընկերների հեռանալը ԲՀԿ–ից։

«Ես ունեմ իմ սկզբունքները, որոնց ես երբեք չեմ դավաճանելու, իրենք էլ ունեն իրենց սկզբունքները եւ ժամանակը ցույց կտա՝ Նաիրա Զոհրաբյա՞նն է ճիշտ, թե՞ Լյովա Խաչատրյանը կամ Վահան Կարապետյանը։ Ամեն ինչի համար ժամանակ է պետք»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նա եզրակացրել է, որ յուրաքանչյուրը շատ բան պետք է վերարժեւորի. «Ես ինքս այլեւս ինձ համար շատ բաներ ունեմ վերարժեւորելու, շատ բաներ ունեմ գնահատելու եւ շատ որոշումներ ունեմ դեռեւս կայացնելու»։

Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի կադրային քաղաքականության մասին էլ Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ կոշտ գնահատական տալ. «Երբ մենք հիմա խոսում ենք, որ չպետք է լինեն բարիկադներ, թշնամանքի մթնոլորտ, ցանկացած պաշտոնյայի գնահատականը մեկը պետք է լինի՝ նրա աշխատանքի արդյունավետությունը»։

Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու դեմ հանրային բողոքը Նաիրա Զոհրաբյանի համար անհասկանալի է. «Ցանկացած գործիչ խաղի այլ կանոններում կարող է այլ կերպ դրսեւորվել, եթե անգամ իմ անձնական կարծիքն ունենամ, չեմ արտահայտելու բացասական բան»։

Նա հավելեց, որ գործչի անցած ճանապարհը, փորձառությունը կարեւոր են. «Ինչքան էլ մարդը լինի անկաշառ, ինչքան էլ ասենք, որ այնպիսի ճանապարհ չի անցել, որ կարողանար արատավորվել, պետական կառավարման ոլորտը պետք է վստահենք փորձառու մասնագետների»։