Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոյին և Պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:

Շնորհավորելով Մեյթրոյին՝ պաշտպանը բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունն ու վստահության վրա հիմնված հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պահպանման նպատակով համատեղ քննարկումների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում և այլն։

Արման Թաթոյանը ներկայացրել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում քաղաքացիական բնակչության գնդակոծությունների կապակցությամբ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին վերաբերող մի շարք հարցեր։