Թուրքիայի ոստիկանությունը անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի մասունքները գտնելու հույսով խուզարկում է Ստամբուլի ծայրամասի անտառը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու թուրք պաշտոնյայի:

Քննիչները հյուպատոսարանի եւ հյուպատոսի նստավայրի խուզարկության ժամանակ «շատ նմուշներ» են գտել եւ փորձում են դրանք անալիզի ենթարկել լրագրող Հաշքաջիի ԴՆԹ հետքերի առկայությունը ստուգելու համար:

Իշխանությունները որոնումների ուղղվածության աշխարհագրությունն ընդարձակել են՝ հետեւելով հոկտեմբերի 2-ին՝ Հաշքաջիի անհետացման օրը, Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից եւ հյուպատոսի նստավայրից դուրս եկած ավտոմեքենաների երթուղուն ու կանգառներին:

Հնարավոր է, որ Հաշքաջիի մասունքները թաքցվել են Ստամբուլին հարակից անտառում կամ Յալովա քաղաքից ոչ հեռու գյուղական տեղանքում:

«Հնարավոր է՝ գյուղական տունն օգտագործվել է մասունքների վերացման համար»,- ասել է պաշտոնյան: