ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչակազմը հայտնել է, որ ԱՄՆ ավիաընկերություններին եւ նրանց գործընկերներին կթույլատրի չվերթների համատեղ շահագործմամբ (code-sharing) վերականգնել թռիչքները ուկրաինական 3 օդանավակայաններ եւ Սեւ ծովի հատվածի երկնքում: Փոփոխությունները հնարավոր կդառնան այդ շրջաններում անվտանգության հետ կապված վիճակի բարելավման շնորհիվ, փոխանցում է Reuters-ը:

Դաշնային վարչակազմը Ղրիմի եւ Ուկրաինայի մարտական գործողությունների շրջաններում թռիչքներն արգելել էր 2014 թվականի ապրիլին: Սահմանափակումները խստացվել էին, երբ Ուկրաինայի արեւելքում խոցվել էր Malaysia Airlines ավիաընկերության MH17 չվերթը կատարող օդանավը, որի մեջ հարյուրավոր ուղեւորներ կային, եւ բոլորը զոհվել էին:

Միաժամանակ պահպանվում են Ղրիմի եւ Ուկրաինայի տարածքի մի մասի երկնքում թռիչքների արգելքները, նշված է վարչակազմի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում:

Թռիչքների անվտանգության հարցերով գործակալությունը հայտարարել է, որ թռիչք եւ վայրէջք թույլ կտա Խարկովի, Դնեպրի եւ Զապորոժիեի միջազգային օդանավակայաններում՝ հայտնելով այդ գործողություններն անցկացնելիս «նվազագույն լրացուցիչ վտանգի» մասին: