ՀՀ ԱԺ պատգամավորներն հոկտեմբերի 18-ին, մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նիստին մասնակցել են պատգամավորներ, փորձագետներ, բուհական եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում մշտական հանձնաժողովի նախագահի եւ նախագահի տեղակալների վերընտրության հարցը: ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Դոլժիկովը հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացրել է Հերմինե Նաղդալյանի թեկնածությունը, ծանոթացրել նրա կենսագրությանը, որից հետո ՀՀ ԱԺ պատվիրակը միաձայն վերընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Քննարկվել է նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալների հարցը, ընտրվել են Բելառուսի եւ Տաջիկստանի խորհրդարանների ներկայացուցիչները:

Օրակարգում ընդգրկված են եղել ԱՊՀ անդամ պետությունների համար հարկային մոդելային օրենսգրքի նախագիծը, հանրային-մասնավոր գործընկերության վերաբերյալ առաջարկություններ, ինժեներային գործունեության եւ ինժեներիայի, ջրային տրանսպորտի, գնագոյացման, բաժնային շինարարության մասին եւ այլ մոդելային օրենքների նախագծերը: Քննարկվել եւ ներկայացվել են նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ին առընթեր էկոնոմիկայի հարցերով փորձագիտական խորհրդի կանոնակարգը եւ կազմը, հաստատվել են խորհրդի անդամների թեկնածությունները, որոնք ներկայացվել էին ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանների կողմից: Խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտկան համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցեւի թեկնածությունը: Քննարկման արդյունքում հանձնաժողովն ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հաստատմանն է ներկայացրել փորձագիտական խորհրդի կանոնակարգի մասին հարցը, իսկ ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում ներկայացվել է հանրային-մասնավոր համագործակցության մասին հարցը, որը կզեկուցվի հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից:

Նիստի ավարտին անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանականների համար անցկացվող կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին, ինչպես նաեւ թվային էկոնոմիկայի թեմայով նախատեսված խորհրդարանական լսումների նախապատրաստմանը: