Ակտաուից Բաքու լողարկող իրանական «Նազմեհր» բեռնանավի վրա տեղի է ունեցել զանգվածային թունավորում: Միջադեպը տեղի է ունեցել Փիրալլահ կղզուց 21 մղոն հեռավորությամբ, Կասպից ծովի կենտրոնական հատվածում:

Նախնական վարկածով՝ թունավորման պատճառը քիմիական նյութն է, որով մշակվել էր նավի փոխադրած հացահատիկը, հայտնում է day.az-ը:

Ադրբեջանի սահմանապահ պարեկանավը 03:00-ին մոտեցել է «Նազմեհր» բեռնանավին՝ ընդունելով անձնակազմի 7 անդամներին, որոնց վիճակը ծանր էր: Նավի վրա նրանց ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, որից հետո պարեկանավը ուղեւորվել է Ապշերոն նավահանգիստ: Շտապ բժշկական օգնություն ցույց տալու համար ափ է կանչվել բժիշկների բրիգադ: Մինչեւ նրանց ժամանելը «Նազմեհր»-ի անձնակազմի երեք անդամ մահացել է: Իրանական բեռնանավի անձնակազմի մյուս անդամները վաղը, հնարավոր է, դուրս գրվեն: