Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ եթե սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության վարկածը հաստատվի, ապա դա կանդրադառնա Լոնդոնի եւ Էր Ռիադի հարաբերությունների վրա, փոխանցում է PA-ն:

Նրա խոսքով՝ ինչպես նախկինում, բրիտանական կառավարությունը «չափազանց մտահոգված» է պարոն Հաշքաջիի ճակատագրով, ում չեն տեսել հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո:

Թուրքիայի կառավարությունում աղբյուրները պնդում են, որ նրան խոշտանյգել են, սպանել, իսկ մարմինը մասնատել:

Հանթը նշել է, որ նման գործողություններն «ամբողջությամբ հակասում» են բրիտանական արժեքներին, եւ անհրաժեշտ է հնարավորինս արագ պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Ընդ որում՝ նա նշել է, որ Լոնդոնը կքննարկի այդ գործողություններին պատասխանը՝ հաշվի առնելով սաուդցիների հետ Բրիտանիայի ռազմավարական հարաբերությունները:

«Եթե հրապարակումները ստույգ են, ապա հարցին՝ դրանք արդյոք կանդրադառնա՞ն Էր Ռիադի հետ Լոնդոնի հարաբերությունների վրա, կպատասխանեմ՝ անկասկած»,- ասել է նա BBC Radio 4-ի Today ծրագրում հարցազրույցի ժամանակ: «Նման բաները Միացյալ Թագավորության համար բացարձակապես անընդունելի են»,- ասել է նա՝ հավելելով, որ Լոնդոնի արձագանքը կախված կլինի նաեւ Սաուդյան Արաբիայի արձագանքից: