Միշտ էլ քննարկումներ եղել են, բնականաբար ԲՀԿ ներկուսակցական  կյանքը շատ հարուստ է, բայց դեռ կոնկրետ որոշում չունենք, թե ինչ ձեւաչափով կմասնակցենք ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ անգամ դեռ ընտրությունների օրը հայտնի չէ:

Հարցին, թե ԲՀԿ-ն կողմ կքվեարկի՞ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, նա պատասխանեց. «Հիմնականում այստեղ հարցերը լուծված եմ համարում: Ամռանը աշխատել ենք Ընտրական օրենսգրքի շուրջ: Շատ տեղին եմ համարում դրույթը, որ 4-րդ ուժը խորհրդարան անցնելու համար ստանա առնվազն 2 տոկոս, որովհետեւ տեսականորեն կարող է ստեղծվել իրավիճակ, երբ 0,1 տոկոս ստացած ուժը հայտնվի խորհրդարանում: Դա, եթե չեմ սխալվում, 5-6 հազար ձայն է, ու դա նորմալ երեւույթ չի լինի: Իհարկե, առանցքային խնդիրը ռեյտինգային արատավոր համակարգի դուրս մղումն էր եւ փակ, սովորական ցուցակներով համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալն է, որը նախագծում կա»:

Միքայել Մելքումյանը լավ է գնահատում ԱԺ արտահերթ ընտրություններում ԲՀԿ շանսերը. «Շատ լուրջ եմ գնահատում ԲՀԿ-ի էլեկտորատը, եկեք եղանակի կանխատեսմամբ չզբաղվենք: Հիմքերը տալիս է այն, որ մենք երկար տարիներ ժողովրդի հետ աշխատել ենք, մեր ծրագրերն են եղել, վարքագիծն է եղել: Վերջին հաշվով զրոյից չենք սկսում:

Չեմ ուզում համեմատություն անել Երեւանի ավագանու ընտրությունների հետ, այնուամենայնիվ, հիմա ՀՀ նախագահի ընտրովի ինստիտուտ չկա: Նախկինում հանրապետության բախտը վճռվում էր ոչ թե ԱԺ-ի, այլ նախագահի ընտրություններում: Հիմա խորհրդարանական ընտրությունների ժամանակ է բախվելու երկրի բախտը, այնպես որ քաղաքակիրթ ձեւով գնալու ենք ընտրությունների»:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններում ընդամենը 7 տոկոս ձայն ստացավ, Մելքումյանն արձագանքեց. «Ավագանու ընտրությունների դեպքում՝ պետք չի մութ սենյակում ինչ-որ բաներ փնտրել: Ավագանու ընտրությունը դասական քաղաքական ընտրություն չեմ համարում: Երեւանցին ավագանու ընտրությունը դիտարկում է քաղաքի տնտեսական, սոցիալական, տրանսպորտի, աղբահանության կոնտեքստում: Ինքը չդարձավ ծրագրերի քննարկման ընտրություն, դարձավ ավելի շատ հետհեղափոխական շրջանի արձանագրություն»: