Հիմա ուզում ենք հասկանալ, միշտ ամեն ինչ վերջնական սպառողի վզի՞ն է լինելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ-ում Գազի եւ էլեկտրական էներգիայի սակագների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, միշտ կառավարության ներկայացուցիչները եւ անրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կամ արտադրող բիզնեսի ներկայացուցիչները ձգտել են սակագինը չիջեցնելու քաղաքականություն տանել, որովհետեւ համակարգը շահութաբեր պահելու խնդիրն է դրվել. «Մենք որպես խորհրդարան երկու հարցի շուրջ պետք է հետամուտ լինենք: Արդյոք խորհրդարանը ստեղծել է իրավապայմանագրային պայմաններ, որ բնականոն, ողջամիտ կոմպրոմիս լինի սպառողների եւ արտադրողների միջեւ:

Եթե ջրի կորուստներ է եղել, կամ ատոմակայանը նորմատիվից շատ է կանգնել, անընդհատ միշտ վերջնական սպառողն է վճարել: Հիմա ուզում ենք հասկանալ, միշտ ամեն ինչ վերջնական սպառողի վզի՞ն է լինելու: Չէ որ էդտեղ կորուստներ կան, բնական մենաշնորհի հետ կապված խնդիրներ կան: Մենք պետք է բացահայտենք եւ ասենք, որ այո, այդ խնդիրը կա: Ես գիտեմ, որ դա կա, բայց չափը հիմա չեմ ասի, դա պետք է գիտականորեն հիմնավորել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ է հենց հիմա ԲՀԿ-ն նման Քննիչ հանձնաժող ստեղծելու նախաձեռնությամբ հանդես եկել, գուցե ընտրություններից առաջ ընտրողների սիրտը շահելու խնդի՞ր ունի, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ իրենք այս նախաձեռնությամբ հանդես են եկել սեպտեմբերի կեսին, երբ դեռ հայտնի չէր, որ արտահեր ընտրությունները լինելու են դեկտեմբերին: