Հոկտեմբերի 2-ին Երեւան քաղաքի դատախազություն է ստացվել ՀՀ մշակույթի նախարարի գրությունը Երեւանի Արամի փողոցի հուշարձան-շենքին կից տարածքում առանց լիազորված մարմնի համաձայնության իրականացված հողային աշխատանքների հետեւանքով հուշարձան-շենքի կայունությունը վնասելու վերաբերյալ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան քաղաքի դատախազի հանձնարարությամբ գրությունն ուղարկվել է ՀՀ ոստիկանաւթյան Երեւան քաղաքի վարչություն՝ առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ նյութեր նախապատրաստելու եւ քրեական գործ հարուցելու հարցը լուծելու նպատակով:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երեւան քաղաքի Բյուզանդի փողոցի 26/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեցող «Օլդ սիթի» ՓԲԸ-ն, 2017թ. սեպտեմբերի 20-ին «Շինարարական կապալի պայմանագիր» է կնքել «ԱՎԱԳՅԱՆԲՐԻՋ» ՍՊԸ-ի հետ:

Դրա հիման վրա վերջինս 2017թ. սեպտեմբերից մինչեւ 2018թ. մարտ ամիսը Երեւան քաղաքի Բյուզանդի փողոցի 26/1 հասցեում իրականացրել է հողի քանդման, բարձման եւ տեղափոխման աշխատանքներ՝ թույլ տալով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հուշարձանի պահպանական գոտիների, օգտագործման ռեժիմի պահպանման, ինչպես նաեւ հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական եւ այլ աշխատանքներ իրականացնելիս հուշարձանների պահպանության ու անվթարության ապահովման պահանջների խախտումներ:

Կատարված շինարարական աշխատանքների հետեւանքով վտանգվել է Երեւան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող՝ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա բարեգործական հասարակական կազմակերպությանը պատկանող եւ տեղական նշանակության հուշարձան համարվող շենքի կայունությունը, եւ այն վնասվել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են պատմամշակութային հուշարձան վնասելու հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ ոստիկանաւթյան Երեւան  քաղաքի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով:

Մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը նախաքննություն կատարելու նպատակով Երեւան քաղաքի դատախազի կողմից հոկտեմբերի 19-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչություն: