Անկարան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին կամ ԱՄՆ այլ պաշտոնատար անձի սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով ոչ մի ձայնագրություն չի տրամադրել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն իր ալբանացի գործընկեր Դիմիտրի Բուշատի հետ Տիրանայում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ Հաշքաջիի անհետացման գործով անցկացվում է մանրակրկիտ քննություն: «Մենք համաշխարհային հանրությանը կտեղեկացնենք քննության արդյունքների մասին: Ոչ մի խոսք չի կարող լինել, որ այդ մասին որեւէ առանձին երկրի չենք տեղեկացնի»,- նշել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ ամերիկյան ABC հեռուստաալիքը հայտնել էր, որ Անկարա այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ծանոթացել է սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության ժամանակ կատարված ձայնագրությանը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Պոմպեոն լսել է ձայնագրությունը եւ ստացել դրա սղագրությունը: Մինչդեռ Պետքարտուղարությունից այս տեղեկությունը չեն հաստատել: