Եվրահանձնաժողովն ուժեղացրել է Իտալիայի վրա ճնշումը՝ քննադատելով երկրի 2019թ․ բյուջեի նախագիծը, որը Բրյուսելն անվանել է ԵՄ բյուջետային կանոնների աննախադեպ խախտում՝ տեղեկացնում է Reuters-ը։

ԵՀ-ն Հռոմին նախազգուշական նամակ է հղել, ինչը Բրյուսելի կողմից նախագիծը չընդունելու եւ տուգանքներ նշանակելու առաջին քայլն է։Նամակում ասվում է, որ Իտալիայի բյուջեի նախագիծը ԵՄ կանոնների «լուրջ խախտում է՝ նպատակային ծրագրերից շեղման պատճառով»։ ԵՀ-ն մինչեւ հոկտեմբերի 22-ը Հռոմից պատասխան է սպասում։

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն արդարացել է՝ ասելով, որ Իտալիան պատրաստ է ցրել ԵՄ-ի կասկածները, թեեւ չի համարում, որ նախագիծն այդքան խորը թերություններ ունի։ Նա նշել է, թե սպասում է տեսնի արդյոք Եվրահանձնաժողովը նման նամակներ կուղարկի՞ Իսպանիային, Ֆրանսիային եւ Պորտուգալիային։

Կոնտեն բյուջեի նախագիծը «հիանալի» է անվանել եւ ասել է, որ այն փոփոխությունների կարիք չունի։