Հոկտեմբերի 18-ին Բուենոս Այրեսում կայացած Երիտասարդական օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների պատվիրակությունն այցելեց Արգենտինայում ՀՀ դեսպանություն:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը ողջունեց պատվիրակության անդամներին եւ շնորհավորեց օլիմպիական խաղերին մասնակցելու, ինչպես նաեւ ծանրամարտում ոսկե եւ ըմբշամարտում բրոնզե մեդալներ նվաճելու կապակցությամբ` մաղթելով երիտասարդ մարզիկներին նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ բոլոր սպորտաձեւերում:

Դեսպան Մկրտումյանը ներկայացրեց սպորտի բնագավառում Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ համագործակցությունը զարգացնելու հեռանկարները եւ այդ ուղղությամբ ՀՀ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքները:

Հայ մարզիկների պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ խաղերի ու մարզումների ընթացքում ՀՀ դեսպանության կողմից ցուցաբերված աջակցության համար, ներկայացրեց խաղերի ընթացքում մարզիկների արձանագրած արդյունքները: