Սյունիքի մարզի Մեղրի համայնքի մանկապարտեզի վերանորոգման համար գումար կտրամադրվի։ Այսօր՝ հոկտեմբերի 19–ին Սյունիքի մարզպետարանում համանյքնների ղեկավարների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մանկապարտեզի վերանորոգման համար նախատեսված գումարն արդեն հատկացվել է։

«Հիմնադրամում այդ գումարը կա, այն անձեռնմխելի է և նախատեսված է հատուկ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար, այսնինքն պրոցեսներն ընթանում են»,–ասաց նա՝ հավելելով, որ դա իրենց պարտքն է դա և դրա համար կարիք չկա իրեն շնորհակալություն հայտնելու։

Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ լուծվել է նաև մարզի գյուղերից մեկի գյուղատնտեսական տեխնիկայի հարցը, որի մասին ամիսներ առաջ համայնքապետը բարձրաձայնել էր։

Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե Սյունիքի մարզի ո՞ր բնակավայրում էր խնդիրը։

Պապիկյանն ասաց, որ համայնքի անունը չի հիշում, ինչին ի պատասխան, Փաշինյանն ասաց.

«Լավ չի, որ անունը չեք հիշում։ Սիսիանի շրջանի համայնքներից մեկում տեխնիկայի հետ կապված խնդիր կար, գումար ենք խոստացել՝ փոխանցել ենք»։

Վարչապետին զեկուցեցին, որ խոսքը Նժդեհ համայնքի մասին է և որ գյուղատնտեսական տեխնիկա ձեռբերելու համար արդեն իսկ պայմանագիր են ստորագրել և շուտով գյուղը նոր տեխնիկա կունենա։

Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 5–ին Գորիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Սյունիքի մարզի Նժդեհ համայնքի ղեկավարը բարձրացրել էր գյուղտեխնիկայի խնդրի մասին: Համայնքի ղեկավար Գեղամ Օհանյանը դժգոհել էր, որ համապատասխան գյուղտեխնիկա չունեն գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանում աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար: Նիկոլ Փաշինյանը խոստացել էր լուծում տալ խնդրին։