Բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի բռնաբարության եւ սպանության մեջ կասկածվողը հայտարարել է, թե չէր ցանկանում սպանել: Այս մասին Սեւերին Կրասիմիրովը լրագրողներին ասել է դատարանի դահլիճում:

«Ես շատ եմ ափսոսում, չեմ կարողանում հավատալ, որ դա արել եմ»,- ասել է Կրասիմիրովը, փոխանցում է AP-ն:

Երիտասարդի փաստաբանը խնդրել է, որ դատավարությունը փակ ընթանա, սակայն Ռուսայի դատարանը խնդրանքը մերժել է:

Կրասիմիրովի խոսքով՝ հանցագործության կատարման պահին ինքը եղել է թմրանյութերի եւ ալկոհոլի ազդեցության տակ: Նա կնոջ հետ վիճել է, հարվածել է նրա դեմքին եւ նետել թփերի մեջ, թե այնուհետեւ ինչ է եղել, նրա պնդմամբ, չի հիշում:

Մարինովայի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 6-ին Ռուսայում Դանուբ գետի մեջ: Քննիչները հայտարարել էին, որ նրան բռնաբարել էին, հարվածել գլխին եւ խեղդել: Նրանք հերքում են հավանականությունը, որ լրագրողի սպանությունը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ:

Կրասիմիրովին արտահանձնել էին Գերմանիայից, որտեղ բնակվում է նրա մայրը: