Վերջին քաղաքական գործընթացների ֆոնին ներդրողները սպասողական դիրք են զբաղեցրել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը՝ ամփոփելով հոգաբարձուների խորհրդի նիստը։

Նա նշեց, որ ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը սփյուռքի կողմից դեռ կա, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպես ՏՏ–ն, տուրիզմը, դեղագործությունը եւ գյուղատնտեսությունը, որոնք կառավարությունը հայտարարել է տնտեսության գերակա ուղղություններ։ Բացի այդ, հետաքրքիր է վերականգնվող էներգետիկայի ոլորտը։

Նա գոհունակություն հայտնեց, որ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը դարձել է հոգաբարձուների խորհրդի անդամ։ «Դա կօգնի ավելի սերտ կապեր հաստատել ՏՏ ոլորտում համատեղ աշխատանքներում»։

Արտահանման առումով Ավակյանն ասաց, որ  2018թ. առաջին 9 ամիսների կտրվածքով՝ 5.9 մլրդ դրամ արտահանման պայմանագիր կա, այն դեպքում երբ նախորդ տարի ամբողջական թիվը եղել է 5.7 մլրդ դրամ։

«Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այդ թիվը մոտ 17 մլն դոլար է կազմում, ակնկալում ենք եւս 28 մլն, եթե դա տեղի ունենա, ապա կհասնենք 45 մլն դոլարի, ինչպես ակնկալում էինք»,–հավելել է նա։ Ավակյանը նշեց, որ ՀՆԱ–ի տեսանկյունից կարեւոր է ՀՀ տնտեսության արտահանման կշիռը ավելացնելը։

Ավակյանը հայտնեց նաեւ, որ հիմնադրամի կառուցվածքը փոքրացվելու է, ինչը կբերի մոտ 108 մլն դրամի խնայողություն՝ հաջորդ տարվա բյուջեում, որոնք կարող են օգտագործվել կառավարության կողմից այլ նպատակներով։