Չի կարելի 10-15 տարի ասել, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսելու ժամանակը չէ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ-ում ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բախշման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննող քննիչ հանձնաժողովի առաջին նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նախ տեղեկացրեց, որ հարցաշար են պատրաստել ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությանը, պատասխանները ստանալուց հետո համապատասխան պաշտոնյաներին կհրավիրեն Քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու:

Միքայել Մելքումյանը նշեց, որ այժմ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հարցը քննարկելու ճիշտ ժամանակն է. «Կարծում եմ, որ հակառակը, այժմ ժամանակն է խոսելու գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման մասին, եւ առաջ անցնելով ասեմ, որ այո՛. կան հնարավորություններ, ու մենք սահմանից մինչեւ վերջնական սպառող հատ առ հատ անցնելու ենք՝ հասկանալու համար նաեւ կորուստների խնդիրը։

16 տարի կորսուստների մակարդակը նույնն է մնացել, եւ զարմանալի է, որ այդքան տարի կորուստների նվազեցման ուղղությամբ քայլ չի  կատարվել: Երկրորդ, պետք է նայել համակարգի ամբողջ գնումների համակարգը: Պետք է նայվի գազի կալորիականության խնդիրը: Պետք է քննարկենք գազի ներտնային սպասարկման խնդիրը, արդյոք մնան մոնոպոլ, թե մրցակցային հարաբերություններ լինեն:

Նույնը նաեւ էլեկտրաէներգիայի ոլորտում, տեսնել ՀԷՑ-ում կորուստները նվազեցնելու ինչ ռեզերվներ կան: Կամ շահութաբերության մակարդակը, ո՞վ է որոշում, որ «Գազպրոմի» շահութաբերությունը պետք է լինի 10 տոկոս կամ ՀԷՑ-ինը՝ 14 տոկոս:

Վերջին հաշվով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է հաստատում ներդրումային ծրագրերը»,-հայտարարեց Մելքումյանը: