Եթե դուք քսանյակում չեք (Մրցունակության գլոբալ ինդեքսում – խմբ.), ապա կարեւոր չէ, թե որ տեղում եք: Հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Բիզնես Հայաստան» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավագյանը՝ ամփոփելով հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքները:

Անդրադառնալով Մրցունակության գլոբալ ինդեքսում Հայաստանի տեղին՝ Արմեն Ավագյանը նշեց, որ, չնայած դրան, միտումը դրական է, եւ Հայաստանն իր դիրքերը մի քանի կետով բարելավել է՝ անցյալ տարվա ցուցանիշի համեմատությամբ, սակայն դա բավարար չէ լուրջ ներդրումային բումի հույս ունենալու համար:

«Շվեյցարիայում նստած մուլտիմիլիոնատիրոջը չեն հետաքրքրում այն երկրները, որոնք դիրքեր են զբաղեցնում 20-րդ տեղից հետո»,- շեշտեց Ավագյանը: Նա հավելեց, որ անհրաժեշտ է ձգտել հայտնվելու քսանյակում, որ ինչ-որ ավելի մեծ բանի սպասես:

Հիշեցնենք, որ 2018 թվականին Մրցունակության գլոբալ ինդեքսում (GCI) Հայաստանը զբաղեցրել է 70-րդ տեղը: Վարկանիշը գլխավորել են ԱՄՆ-ն, Սինգապուրը, Գերմանիան: