Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի, վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին եւ հենց նույն օրն էլ ՀՀ նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Դա նշանակում է, որ ԱԺ խմբակցությունները վարչապետի թեկնածու կարող են առաջադրել մինչեւ հոկտեմբերի 23-ը, իսկ հոկտեմբերի 24-ին տեղի է ունենալու վարչապետի ընտրության հարցի քննարկում խորհրդարանում:

Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը: Քանի որ հոկտեմբերի 24-ը ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի օր է, վարչապետի ընտրության հարցին անդրադարձ կլինի հերթական նիստի ընթացքում:

Այս առնչությամբ, «Ելք» խմբակցությունը դեռեւս որոշում չի կայացրել, թե արդյոք այդ օրը իրենք վարչապետի թեկնածու կառադրեն Նիկոլ Փաշինյանին, թե ոչ:

Բանն այն է, որ կա իրավաբանական վեճ. Մասնագետների մի մասը պնդում է, որ Սահմանադրությանը պահանջում է, որ լինի վարչապետի ընտրության քվեարկություն, որից 7 օր հետո տեղի կունենա վարչապետի ընտրության երկրորդ փորձը: Մի մասն էլ պնդում է, որ թեկնածու առաջադրելու կարիքը չկա:

ԱԺ «Ելք» խմբակցության  ղեկավար Լենա Նազարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Սահմանադրագետներն ու իրավաբանները պետք հուշեն՝ ինչպես է պետք անել, որ ճիշտ լինի: Եթե անհրաժեշտություն  լինի, որ թեկնածու առաջադրվի, իհարկե, չընտրվելու պայմանով, «Ելք»  դաշինքը պատրաստ է Նիկոլ Փաշինյանին առաջադրել: Բայց սա ֆորմալ գործողություն է, կարծում եմ, դրա կարիքը չի լինի: Համենյանդեպս, նման որոշում մենք չունենք, հատուկ նիստի նախօրեին մենք այս հարցի շուրջ որոշում կկայացնենք»,-ասա Լենա Նազարյանը:

Նշենք, որ Սահմանադրության մեջ գրված է, որ վարչապետի հրաժարականից հետո ԱԺ հատուկ նիստում վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Այստեղ տարընթերցումների  տեղիք է տալիս «քվեարկություն» բառը: Որոշ իրավաբանների կարծիքով պետք է վարչապետի թեկնածու առաջադրվի, «քվեարկվի» եւ չընտրվի, որպեսզի, վարչապետի նոր ընտրություն անցկացվի:

«Ելք» խմբակցության ղեկավարը կարծում է, որ սահմանադրագետներն էլ չեն մտածել, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել  երկրում եւ այդ պատճառով է այս բառը քննարկումների առարկա է դարձել:

Նշենք, որ համաձայն Սահմանադրության և «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ վարչապետի հրաժարականից հետո 14 օրում երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում ԱԺ-ն օրենքի ուժով լուծարվում է եւ նշանակվում են արտահերթ ընտրություններ: